Մերժել է Ադրբեջանին և տեղափոխվել «Արցախ». մանրամասներ է պատմում դարպասապահը

Ագամագոմեդովին բոլորը շատ լավ են դիմավորել նոր ակումբում։ Նա պատրաստվում է թիմակիցների հետ պայքարել չեմպիոնության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. «Արցախի» նոր դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը պատմել է` ինչպես է մերժել Ադրբեջանի U21 հավաքականի առաջարկը և տեղափոխվել «Արցախ» ֆուտբոլային ակումբ։ Այս մասին նշված է ակումբի ֆեյսբուքյան էջում։

«Ես առաջարկ եմ ստացել Ադրբեջանի U21 հավաքականից, սակայն վստահեցի իմ գործակալ Հովհաննես Գոհարյանին, որ նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականում, և որոշեցի տեղափոխվել «Արցախ»: Առաջին անգամ եմ Հայաստանում, այստեղ ինձ բոլորը շատ լավ ընդունեցին` տնօրենը, գլխավոր մարզիչը, ամբողջ թիմը»,- ասել է նա:

Ագամագոմեդովը խոսել է նաև տպավորությունների ու ծրագրերի մասին։

«Առաջին խաղում հաղթեցինք «Փյունիկին», հետո վստահ դուրս եկանք խաղադաշտ և ոչ-ոքի խաղացինք Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Ես հավատում եմ իմ թիմակիցներին, «Արցախը» հավակնոտ թիմ է, և այստեղ մենք պայքարելու ենք չեմպիոնության համար»,- նշել է նա։

«Արցախը» հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հանդես է գալիս Հայաստանի Առաջին խմբում։

Ակումբը հիմնադրվել է 2017 թվականի մայիսին Երևանում։ Ակումբի ֆուտբոլային դպրոցը գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ակումբի պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2017 թվականի օգոստոսի 1-ին «Միկա» մարզահամալիրում, որտեղ ներկայացվեց թիմի տնային և արտագնա խաղերի մարզահագուստը, ինչպես նաև ակումբի հիմնը։

Առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2017 թվականի օգոստոսի 7֊ին՝ «Ալաշկերտ 2»-ի հետ, որն ավարտվել է 1-1 հաշվով։