Հայաստանով Աֆղանստան. տաջիկը 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ԻՊ–ին աջակցելու համար

Մուխիդինովը փորձել է Հայաստանի և Իրանի տարածքով Աֆղանստան հասնել և ընդգրկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանը ԻՊ-ին աջակցելու համար ազատազրկման է դատապարտել Տաջիկստանում ծնված Մուխիդինովին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դատարանի ներկայացուցիչ Ալյոնա Կատկալոյին։

Աբդուրահիմ Մուխիդինովը 10 տարի կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում` ահաբեկչական գործունեությանն աջակցելու և «Իսլամական պետությանն» անդամակցելու փորձի համար։

«Դատարանը Մուխիդինովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման` պատիժը խիստ ռեժիմի գաղութում կրելու պայմանով», — ասել է Կատկալոն։

Հետաքննության վարկածով` 2017 թվականի գարնանը Դոնի Ռոստովում բնակվող Աբդուրահիմ Մուխիդինովը փորձել է մասնակցել «ԻՊ»-ի կառուցվածքային ստորաբաժանման գործունեությանը, որը գտնվում էր Աֆղանստանում։

Նա իր տվյալները համացանցով փոխանցել է ԻՊ-ի հավաքագրողին, նրա հետ համաձայնեցրել է Աֆղանստան հասնելու երթուղին (Հայաստանի և Իրանի տարածքով), համազգեստ ու Դոնի Ռոստով-Երևան չվերթի ավիատոմս է գնել։

Իրավապահ մարմինները ձերբակալել են Մուխիդինովին Դոնի Ռոստովի օդանավակայանում անցյալ տարվա հունիսի 1-ին սահմանային ստուգում անցնելու ժամանակ։ Բացի այդ, հետաքննության տվյալներով, 2017 թվականի մայիսի 23-31-ը Մուխիդինովը համացանցի միջոցով «համոզելու, առաջարկների, պնդումների և այլ հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով մեկ այլ անձի փորձել է համոզել անդամակցել ԻՊ-ին»։

Քրեական գործ էր հարուցվել ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու փորձի, ինչպես նաև ահաբեկչական գործունեությանն աջակցելու հոդվածներով։