Հայը հաղթեց դահուկային «Ֆորմուլա-1»–ում

Շներով լծված մրցավազքն անցկացվել է հունվարի 20-21-ը Ադիգեայի լեռներում։ Մրցումներին մասնակցել են 47 թիմ` Ռուսաստանի տարբեր շրջաններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Լագոնակիի կենսոլորտային արգելոցում կազմակերպած դահուկային «Ֆորմուլա-1»-ում հաղթել է Սերգեյ Գևորգյանը Սերգիև Պոսադից։ Այս մասին գրում է «Подмосковье сегодня»-ն։

Հայ միլիոնատիրոջ կինը մեծ սպորտ է վերադառնում

«Ադիգեայի բաց առաջնությունն էր։ Ռուսաստանի տարբեր քաղաքներից 47 թիմ էր մասնակցում։ Նման մրցավազքի առաջին անգամ եմ մասնակցում։ Առաջնությունն անցնում է երկու փուլով, ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա։ Բուք ու բորան է, ոչինչ չի երևում։ Նույնիսկ աչքերը հնարավոր չէր բացել, ինձ շներն էին տանում։ 4 կմ տարածությունն առաջին օրն անցա 12 րոպեում, երկրորդ օրը` 10 րոպեում», — պարբերականին է պատմել Սերգեյ Գևորգյանը։

Մրցավազքն անցկացվել է հունվարի 20-ին և 21-ին ծովի մակերևույթից 1,8 և 2,1 հազար մետր բարձրության վրա, իսկ երթուղու երկարությունը 4,4 մինչև 20 կմ է կազմել։ Քամու ուժգնությունը հասել է 25 մ/վ-ի։ Դահուկային մրցավազքին մասնակցել են 5-13 տարեկան երեխաներն ու սահմանափակ կարողություններով անձինք։

Այս տարի «Լագոնակիի» մրցավազքը «ազգային իրադարձություն» կարգավիճակ է ստացել, ինչպես Սոչիում` «Ֆորմուլա-1»-ը։