Ավտովթարի հետևանքով տուժածներից մեկը Հայաստանի դեսպանն է

Վթարի պահին նա եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 23-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը պարզվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է՝ Lexus-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա Դավիթ Բադեյանը, իսկ Hyundai-ն վարել է Երևան քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Սելիմյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տ. Սելիմյանը և Lexus-ի ուղևոր 61-ամյա Մանվել Բադեյանը։

«Բադեյանը Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, Lexus-ի վարորդ Դ. Բադեյանը «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, իսկ Hyundai-ի վարորդ Տ. Սելիմյանն աշխատում է «Հիլթոն» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր»,- նշված է կայքում։

Ավտովթարը տեղի էր ունեցել ժամը 15:50-ի սահմանում Մանկավարժական համալսարանի դիմաց։ Hyundai մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus մակնիշի ավտոմեքենային: