ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Կալուգայում Հայաստանի քաղաքացին որոշել է օրիգինալ կերպով վրեժ լուծել իր զուգընկերուհուց. նա կնոջ ինտիմ լուսանկարները տեղադրել է սոցցանցում, հաղորդել է ՌԴ Կալուգայի մարզի Քննչական կոմիտեի քննչական վարչությունը։
Հետաքննության տվյալներով` մեղադրյալը, վիճելով ընկերուհու հետ, սոցիալական ցանցում կնոջ էջում ինտիմ բնույթի լուսանկարներ է տեղադրել։ Լուսանկարները որոշ ժամանակ անց հեռացվել են տուժածի կողմից, որը սոցցանցի ընկերներից է իմացել այդ մասին։
Հայաստանցուն ներկայացվել է մեղադրանք ՌԴ ՔՕ 137 հոդվածի 1–ի մասով (մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտում)։ Այժմ նրան սպառնում է 200 հազար ռուբլի տուգանք կամ մինչև 2 տարի ազատազրկում։
Զուգընկերոջից նրա ինտիմ լուսանկարները, տեսանյութերը կամ տեքստային հաղորդագրությունները տարածելու միջոցով վրեժ լուծելու փորձը լայնորեն տարածված է վերջին մի քանի տարիներին և ստացել է «պոռնովրեժ» անվանումը։