Ուզում ենք, որ իմանաս` ինչքան շատ ենք քեզ սիրում. երկրպագուն նամակ է գրել Մխիթարյանին

Մանչեսթերում կարոտում են Մխիթարյանին և չեն թաքցնում իրենց վերաբերմունքը «ոսկե սրտով տաղանդավոր ֆուտբոլիստի նկատմամբ»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուն սրտառուչ ուղերձ է գրել Հենրիխ Մխիթարյանին թիմի բոլոր երկրպագուների անունից, գրում է Mirror–ը` ներկայացնելով հրապարակման սքրինշոթը, որը Մխիթարյանն ավելի վաղ հրապարակել է Instagram–ում։

Ստորև ներկայացնում ենք նամակն առանց կրճատումների։

«Սիրելի Հենրիխ, երկար ժամանակ պահանջվեց քո հեռանալուց հետո զգացմունքները թղթին հանձնելու համար: Այսօր չեմ գրում միայն իմ, այլ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուների անունից: Այս նամակն իմը չէ, այն մերն է, քանի որ մենք «Յունայթեդն» ենք:

«Երջանիկ» թիվ. հայտնի է` որ համարի մարզաշապիկով կխաղա Հենրիխ Մխիթարյանը

Գիտենք, որ բազմաթիվ խոսակցություններ են եղել քո տրանսֆերի վերաբերյալ: Այստեղ չենք դատելու ակումբի կամ մարզչի որոշումները, այլ արձագանքելու ենք որպես երկրպագուներ, ընտանիք, ցույց տանք մեր սերը: Հասկանում ենք, որ կարող էիր հեռանալ այլ կերպ: Չենք ցանկանում, որպեսզի դու մտածես, թե բոլոր երկրպագուները ցանկանում էին, որ դու հեռանաս: Իսկական երկրպագուները գիտեն ինչպես հոգ տանել իրենց ֆուտբոլիստների մասին:

Իհարկե, ֆուտբոլը, երբեմն, դաժան է, իսկ իրերը չեն դասավորվում այնպես, ինչպես ակնկալում ենք, սակայն ցանկանում ենք, որ իմանաս՝ երբեք չենք մոռանա քո ժամանակը «Յունայթեդում»: Երբեք չենք մոռանա, որ փրկեցիր մեզ Եվրոպա լիգայում: Կարող է փոքր բան թվալ, սակայն քո գոլն օգնեց մեզ Չեմպիոնների լիգա վերադառնալ: Շնորհակալ ենք քեզ դրա համար:

Չի կարելի անտեսել «Սանդերլենդին» «կարիճ» հարվածով խփած գոլդ, որը լավագույններից էր ակումբի պատմության մեջ: Ամեն դեպքում, իմացիր, որ շատ տաղանդավոր ֆուտբոլիստ ես, ոսկե սրտով և բազմաթիվ լավ որակներով: Ցանկանում ենք, որ հաջողության հասնես «Արսենալում» և ապագայում: Մի մոռացիր, թե դու ով ես»: