Արցախը կարող է կանխել Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն

Պաշտոնական Արցախը հայտարարել է, որ ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն և պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել, ասել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` ամփոփելով 2017թ. բանակային տարվա արդյունքները։

«Ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել և բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր, որոնք այսուհետ ևս թույլ կտան ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը»,- ասել է Մնացականյանը։

Նա ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունները։

«Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ՊԲ արևելյան և հարավարևելյան ուղղություններով ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձերի վրա, ինչի արդյունքում հակառակորդը չեզոք գոտում թողնելով 5 հատուկ ջոկատայինի դիակ և տարհանելով 3 վիրավոր, հետ է շպրտվել ելման դիրքեր»,- նշել է նա:

Արցախը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի սպեկուլյացիաների նոր ալիքին

Նախորդ տարվա ընթացքում բանակում կատարված աշխատանքներից Լևոն Մնացականյանն առանձնացրել է դիրքապահների համար առավել անվտանգ ծառայության պայմանների ստեղծումը, մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների պատրաստության մակարդակի բարձրացումը, զինվորական կարգապահության բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքները, հրետանային և ՀՕՊ համակարգերի կատարելագործումը, շտաբների փոխգործակցության և ներդաշնակման ուղղությամբ կատարված քայլերը, բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ տարված աշխատանքները, նորագույն տեխնոլոգիաների ներդնումը, նոր դիրքերի կահավորումը, դիտարկման համակարգերի կատարելագործումը, ճանապարհային ցանցի զարգացումը, տեխնիկական և թիկունքային ապահովության բարձրացման հարցերը:

Ամփոփելով տարին՝ բանակի հրամանատարը նշել է, որ պաշտպանության բանակին հաջողվել է պահպանել խաղաղությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն և պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: