«Յան»–երը շատանում են. Պետրոսյանն ու Գալուստյանը համալրել են Պուտինի վստահված անձանց ցուցակը

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց նոր ցանկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Շոումեն, հումորի վարպետ, դերասան Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաև գրող-երգիծաբան Եվգենի Պետրոսյանը ևս համալրել են ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց նոր ցանկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սիմոնյանը, Եգորյանը և Շահնազարյանը դարձել են Պուտինի վստահված անձինք

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցել է 413 մարդուց բաղկացած` 2018-ի նախագահական ընտրություններում ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խմբի ցանկը: Վլադիմիր Պուտինի ինքնառաջադրմանն աջակցության համար արդեն ավելի քան 1.6 մլն ստորագրություն է հավաքվել։

Վստահված անձանց նոր ցանկում են ընդգրկվել նաև մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում` երգչուհի Վալերիան և նրա ամուսինը` պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, դիզայներ Վալենտին Յուդաշկինը, պրոդյուսերներ Մաքսիմ Ֆադեևը, Իգոր Մատվիենկոն, դերասաններ Միխայիլ Բոյարսկին, Սերգեյ Բեզրուկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վստահված անձանց առաջին ցուցակում հայկական ազգանուններ կան՝ Russia Today-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռուսաստանաբնակ սուսերամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը: Վստահված անձանց թվում են նաև Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիորտրովսկին, բժիշկ Սերգեյ Ավետիսովը, ռեժիսոր Կարեն Շահնազարովը։

ՌԴ նախագահի թեկնածուի վստահված անձինք պետք է ակտիվ մասնակցություն ունենան նրա քաղաքականությունն առաջ տանելու հարցում, ինչպես նաև օգնեն իրենց տեղամասերում լուծել ի հայտ եկած խնդիրները, կարծում է ՎԳԻԿ-ի ռեկտոր Վլադիմիր Մալիշևը, որի անունը ևս ընդգրկված է Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում։