Կարեն Կարապետյանը հյուրեր կբերի Դավոսից. լուսանկարներ

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող վարչապետ Կարեն Կարապետյանը գոհ է իր այցից։ Նա լուսանկարներ ու գրառումներ է հրապարակում Facebook սոցիալական ցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnk. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի ու միջազգային ընկերությունների ղեկավարների հետ։ Նա հանդիպման մանրամասների մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շատ ուրախ էի Դավոսում հանդիպելու Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանին։ Նա շատ մեծ անձնական ներդրում ունի մեր երկրների հարաբերությունների զարգացման գործում: Դրական և կառուցողական քննարկում ունեցանք: Ուրախ եմ, որ շուտով ընդունելու եմ նրան և շվեյցարացի բիզնես համայնքի ներկայացուցիչներին Երևանում»,- գրել է նա:

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետը հանդիպել է նաև «Բի Սի Ջի» ընկերության նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ, քննարկել փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։

««ՎԵՈՆ» (VEON) ընկերությունների խմբի ղեկավարների հետ հանդիպմանն անդրադարձել ենք կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարևորությունը մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը մասնակցում է Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական համաժողովին։

Համաժողովը մեկնարկել է այսօր` հունվարի 23-ին, և կտևի ևս երեք օր։

Համաժողովին բարձր մակարդակով մասնակցում են ավելի քան 100 երկրի պատվիրակություններ։