ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հայաստանը զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք է ակնկալում։ Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլուարներում այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով` ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան ավելացել է, երբ Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն են ստացել մուտք գործել մեր երկիր ներքին անձնագրերով, սակայն սա դեռ վերջը չէ։
«Կարծում ենք` Ռուսաստանի քաղաքացիները դեռ այդքան լավ տեղեկացված չեն, որ կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով», — ասել է Կարապետյանը։
2017 թվականի փետրվարի 23-ից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` հունվարի վերջին ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքում։ Կարգը, որի համաձայն ՌԴ քաղաքացիները կարող են ներքին անձնագրերով Հայաստան այցելել, գործում է միայն «Զվարթնոց» (Երևան) և «Շիրակ» (Գյումրի) օդանավակայաններում։
Հիշեցնենք, որ Հայաստանը դավոսյան համաժողովին վերջին անգամ մասնակցել է 2009 թվականին։
Համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու են ավելի քան 100 երկրի պատվիրակություններ, այդ թվում` ԱՄՆ նախագահը։
Համաժողովն ընթանալու է 2018թ. հունվարի 23-26-ը:
Հայաստանի տնտեսության մասին զեկույցը ներկայացնելու է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։