Հայ շոումենի կինն ամենահնարամիտն էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե որտեղ և ում հետ է անցկացրել հին Նոր տարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հանրահայտ շոումեն և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի թիմը հաղթել է հունվարի 14-ին Սոչիում կայացած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունում։ Ուրախների և հնարամիտների ակումբի անդամների պայքարում Մարտիրոսյանի թիմը հաղթանակի է հասել նրա կնոջ` Ժաննա Լևինայի շնորհիվ։ Այդ մասին Մարտիրոսյանը գրել է Instagram-ի իր էջում։

Մարտիրոսյանի կնոջ խոստովանությունը. ինչպիսին է դառնում Ժաննան, երբ խմիչքի հետ մենակ է մնում

«Լուսանկարը վատորակ է ստացվել լուսավորության պատճառով։ Հին Նոր տարվա օրը Սոչիում «ՈՒՀԱ»-ի անդամների միջև անցկացվում էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունը։ Լուսանկարում մեր փառահեղ թիմն է` ես, Դիման, Դեմիսը, Տիմուրը, Ժաննան և Վիտալին։ Ի դեպ, Տիմուր Արիստանբաևը լավագույն խաղացող ճանաչվեց, իսկ մեր թիմը հաղթեց առաջնությունում։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը Սոչիում վարում էր լեգենդար խաղացող և խաղի բելառուսական ակումբի փայլուն հաղորդավար Ալես Մուխինը», — գրել է Մարտիրոսյանը։

Եզրափակիչ փուլում, երբ հաշիվը 5:5 է եղել, Մարտիրոսյանի թիմը կարողացել է վճռորոշ միավոր ստանալ Ժաննայի հնարամտության շնորհիվ։ Լևինան պատասխանել է հետևյալ հարցին. «Ինժեներներն այս հարցին միանշանակ պատասխան չեն տալիս, նրանք պարզապես պնդում են, որ այս իրը պետք եղածից երկու անգամ մեծ է։ Ի՞նչ է սև արկղում»։

Շոումենը կոչ է արել բաժանորդներին գտնել հարցի պատասխանը։ Գրառումը մեծ իրարանցում է առաջացրել` 11 ժամվա ընթացքում ավելի քան 31,5 հազար «հավանության» արժանանալով։ Բաժանորդներն առաջարկել են պատասխանի իրենց տարբերակները։

«Գարիկ, խնդրում ենք` գրես պատասխանը։ Այս հարցով դու կանգնեցրիր մեր գրասենյակի աշխատանքը», — գրել է օգտատերերից մեկը։

Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է Սոչիում 1997 թ., ՈՒՀԱ-ի փառատոնին: Նրանք սկսել են շփվել 1998 թ.-ից: Ամուսինները երկու երեխա ունեն` դուստր և որդի: