Երևանի փողոցներից մեկում նոր արագաչափ կտեղադրվի

Դպրոցի հարևանությամբ տեղադրված արագաչափն իրավախախտումները կարձանագրի հունվարի 26-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Այս մասին նշված է ոստիկանության կայքում։

Մասնավորապես, 2018 թվականի հունվարի 26-ից գործարկվելու է Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40/60 կմ/ժ է:

Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին՝ 08.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: