Ո՞վ շահեց եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունից

Հայաստանի իշխանությունը նոր ռեբուս է լուծում` հրաժարվե՞լ բյուջեի 70 մլրդ դրամից բնակչության բոլոր խավերի համար եկամտահարկի վճարման 20% համակարգի ներդրման հաշվին, թե՞ փողերը պահպանել բարձր աշխատավարձ ստացողների հաշվին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ իշխանությունը հավանաբար կվերանայի եկամտահարկի վճարման նոր համակարգը և արմատապես կփոփոխի այն, լրագրողների հետ զրույցում ասաց Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը։

«Հա՛մ եղում է, հա՛մ դեղում». Կարեն Կարապետյանն առաջարկում է ազատվել հարկային պարտքերից

«Եթե 20% եկամտահարկ սահմանվի, երկրի բյուջեն 70 մլրդ դրամ կկորցնի։ Սակայն եթե դա նույնիսկ տեղի ունենա, ապա հաստատ կլինի ոչ մոտ ապագայում։ Այդ համակարգին անցում կատարելն աստիճանաբար կլինի», — ասաց Համբարձումյանն` ավելացնելով, որ իր ասածը որպես պաշտոնական հայտարարություն չի կարելի դիտարկել։

Սակայն այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում. երկրի բյուջեում 70 միլիարդանոց բացը լրացնելու համար երեք ելք կա` պարտքի ավելացում, ծախսերի կրճատում, եկամտահարկի ավելացում այլ մեխանիզմներով։ Արդյո՞ք երկիրը պատրաստ է դրան, դժվար է ասել։

Ներկայիս իրավիճակն առավել օպտիմալ է, քանի որ դրական է ազդում 279 հազարից ցածր աշխատավարձ ստացող մարդկանց բարեկեցության վրա, կարծում է մասնագետը։

«Հայաստանում վարձու աշխատողների թիվը հասնում է 600 հազարի, որոնցից 90%-ը 279 հազար դրամից քիչ աշխատավարձ են ստանում, այսինքն աշխատողների 90%-ը շահել են եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունից. նրանցից գանձվող եկամտահարկը նախկինից քիչ կլինի», — նշեց Համբարձումյանը։

Մնացած 10%-ից, որոնց աշխատավարձը գերազանցում է 279 հազար դրամը, ավելի շատ գումար կհարկվի։ 1 միլիոնից 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում եկամուտները կնվազեն 14.420-ից 34.420 դրամով, 2 մլն դրամ աշխատավարձ ստանալու դեպքում` 34420 դրամով։

Նախկինում 150 հազարից բարձր աշխատավարձ ստացողների եկամտային հարկը 26% էր, այժմ դառնում է 28%: Փոխարենը մինչև 150 հազար դրամ աշխատավարձերը կհարկվեն ոչ թե 24.4, այլ 23%-ով:

Նշենք,որ Հարկային նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։