Դիզվառելիքը թանկացել է, բայց գյուղացիները գնելու խնդիր չեն ունենա

Դիզվառելիքը հարկվում է ԱԱՀ–ով, ընկերությունները կարող են գնումների դեպքում ազատվել այդ հարկից, իսկ գյուղացիները զրկված են այդ հնարավորությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Առաջիկա օրերին գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսության համար դիզվառելիքի ձեռքբերումը սուբսիդավորելու տարբերակներ կառաջարկի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը։

Հայաստանում դիզելի գինը չափազանցված է. ֆինանսների նախարարության մտահոգությունը

Գյուղացիները մի քանի տարի շարունակ բյուջեից սուբսիդավորում էին ստանում դիզվառելիք գնելու համար (սակագնի մոտ 20%-ը)։ Այնուհետև որոշվեց գումարը ծախսել ոչ թե այժմեական կարիքների, այլ զարգացման համար, այն է` գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը։

Սակայն հաշվի առնելով, որ 2018 թվականից դիզվառելիքը թանկացել է (ավելացված արժեքով հարկվելու պատճառով), սուբսիդիաներն ուզում են վերադարձնել բացառապես միայն ֆերմերներին։ Դիզվառելիքով է աշխատում ինչպես շինարարական, այնպես էլ հանքարդյունաբերական տեխնիկան, սակայն այնտեղ ընկերությունները կարող են գնումների դեպքում ազատվել ԱԱՀ-ից (ԱԱՀ-ի դեբետ)։ Ֆերմերներն այդ հնարավորությունից զրկված են, այդ պատճառով պետք է դիզվառելիքի գնաճը մեղմել նրանց համար։

«Մինչև հունվարի վերջ առաջարկը կներկայացվի կառավարությանը։ Առաջարկում նշված կլինի, թե շուկայական գնի քանի տոկոսն են սուբսիդավորելու», — ասաց նախարարը։

Կփորձեն գումար գտնել այլ ծրագրերից խնայողություն անելու միջոցով։

Նախորդ տարիներին այս ծրագրով տարեկան 15-17 մլն լիտր դիզվառելիք էին գնում։