Թեհրանը գիտի` Ադրբեջանն ինչ դեր ունի Իրանի անկարգություններում. փորձագետ

Իրանը կասկածում է, որ որոշ իրանա–ադրբեջանական նախագծերում անուղղակիորեն ներգրավված են եղել նաև իսրայելական ծառայությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Իրանցիները տեղյակ են, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է երկրում անկարգություններ կազմակերպելու համար, երեքշաբթի լրագրողներին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Վերջերս ԻԻՀ-ից վերադարձած փորձագետը նշեց, որ հենց իրանցիների գնահատականներով` Telegram-ում արտաքին ակտիվության 70 տոկոսը (Իրանում բողոքների հետ կապված) եղել է Սաուդյան Արաբիայում գրանցված հաշիվներից։ Դրան մասնակցել են Իսրայելը և ԱՄՆ-ն։

«Իրանցիները լավ գիտեն, որ որոշ չափով օգտագործվել է նաև Ադրբեջանի տարածքը։ Դրանով կարելի է պայմանավորել երկկողմ հարաբերությունների որոշակի սառեցումը։ Պետք է հիշել, որ իրանական դիվանագիտությունն ակնհայտորեն ոչինչ չի անում, դա նրանց վարվելակերպը չէ», — ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` իրանական մամուլում, որը մասնավորապես ներկայացնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիրքորոշումը, խոսվում է, որ իրանական սահմանամերձ Աստարա քաղաքում բեռների տերմինալ ստեղծելու մասին ադրբեջանական ծրագրերը ոչ այլ ինչ են, քան իսրայելական հետախուզական ծառայությունների բազա ստեղծելու գաղտնի ծրագիր։

Քաղաքագետ. Իրանի իրադարձությունները հրահրել է Իսրայելը

Իրանագետի խոսքով` դա կտրուկ նվազեցնում է Ադրբեջան-Իրան երկաթուղու շինարարության և ծրագրի իրագործման հնարավորությունը։

«Հետաձգվել է Աստարա (Ադրբեջան) — Աստարա (Իրան) կամրջի կառուցումը։ Այդ կամրջից մինչև Ռեշտա երկաթուղի չկա. դա շուրջ 140 կմ է», — ասաց Ոսկանյանը։

Նա նշեց, որ Իրանում առաջիկայում Իրանում իրավիճակը հանգիստ կլինի, և երկրին չեն սպառնում լուրջ ներքաղաքական ցնցումներ։

Դեկտեմբերի 28-ից Իրանի որոշ խոշոր քաղաքներում և մայրաքաղաքում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում։ Իշխանությունը հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են ոչ միայն սոցիալական ներքին խնդիրներով, այլ նաև ուրիշ պետությունների սադրանքով։ Անկարգությունների ընթացքում մահացել է 20 մարդ, որոնցից մեկը ոստիկան է։