Իրանը «բացբերանություն» է արել Հայաստան մատակարարվող գազի թեմայով

Իրանի էներգետիկայի փոխնախարարն առաջարկել է Հայաստանի պետական ու մասնավոր սեկտորին չամաչել ու գազի մասին խոսակցություններ բացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Իրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գազային համագործակցությունը, ասել է երկրի էներգետիկայի փոխնախարարը, Իրանի ազգային գազի ընկերության (NIGC) գլխավոր տնօրեն Համիդ Ռեզա Արաղին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Հայաստանում նավթ և գազ կա. Նավթագործը պատմել է «գաղտնի» հանքավայրի մասին. էքսկլյուզիվ

Նախարարը նշել է, որ նկատի ունի արդեն իսկ գոյություն ունեցող համագործակցությունը, որի համաձայն` Իրանը Հայաստանին էլեկտրականության փոխարեն գազ է մատակարարում։

Արաղիի խոսքով` Իրանը «հեշտությամբ» կարող է ավելացնել Հայաստան մատակարարած գազի քանակը, սակայն հայկական կողմը չի կարող փոխարենն ավելի շատ էլեկտրականություն տալ։

«Հայաստանի և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորները կարող են Իրանի հետ քննարկել Հայաստան մատակարարվող գազի քանակի ավելացումը», — ասել է Արաղին։

Նախարարը հավելել է, որ Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են երկկողմանի հանդիպում կազմակերպել, որի ընթացքում կքննարկվի հայաստանյան մատակարարումների քանակի ծավալի ավելացումը։

Նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստան մատակարարված գազի 15%-ը բաժին է ընկել Իրանին, մնացած 85%-ը մատակարարել է Ռուսաստանը։ Իրանական գազը հասնում է Հրազդանի ՋԷԿ, որտեղ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրից 4,5 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա են ստանում, դրանիցի 3 կիլովատտ/ժամն Իրան է վերադառնում, իսկ տարբերությունը մնում է Հայաստանին։