Ամեն ինչ սկզբից «Արսենալում». Հենրիխ Մխիթարյանն իր տարեդարձով կյանքի նոր էջ բացեց Լոնդոնում

Հենրիխը դեռ 2009 թվականին էր ասում, որ ուզում է խաղալ «Արսենալում», և հիմա այդ ցանկությունն իրականություն է դառնում։
Sputnik

Դեռ 2009 թվականին ես հարցազրույց ունեցա այն ժամանակ «Փյունիկի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ, որը 20 տարեկանում դարձել էր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հայտնությունը:

Չէի մտածում, որ երբևէ կանդրադառնամ այդ հարցազրույցին` Մխիթարյանի ասածը հիշելու համար, բայց զրույցի ժամանակ նա խոսեց Լոնդոնի «Արսենալի» մասին, որն այսօր գրեթե ամեն օր հնչում է հայ ֆուտբոլիստի անվանը զուգահեռ։

«Լոնդոնցիների խաղաոճն ինձ դուր է գալիս: Կոմբինացիոն, արագ և հարձակողական ֆուտբոլ, այս է Արսեն Վենգերի թիմը: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է և վստահում է երիտասարդներին: Կուզեի խաղալ այդ թիմում»,- ասաց Մխիթարյանը 2009 թվականին:

Հիմա հայ ֆուտբոլիստը երիտասարդ չի համարվում, բայց կարևորն այն է, որ այսօր Վենգերն հենց նրան է վստահում:

Մեկուկես տարի անցկացնելով «Օլդ Տրաֆորդում»` Հենրիխն իր ֆուտբոլային կարիերայի այս հատվածով դժվար թե շատ ուրախանա: Դորտմունդի «Բորուսիայում» հիանալի մրցաշրջան անցկացնելուց հետո հայ ֆուտբոլիստից ավելին էին սպասում Անգլիայում: Սակայն գաղտնիք չէ, որ Մխիթարյանը արտասահմանյան բոլոր ակումբներում էլ բավականին երկար է ադապտացվել: Նույնը եղավ նաև «Մանչեսթեր Յունայթեդում»: Մանչեսթերյան դերբիում 2016 թվականի սեպտեմբերի 10-ին ոչ այնքան լավ խաղ ցուցադրելուց հետո Մխիթարյանը հայտնվեց իր թիմի պահեստայինների նստարանին, իսկ վնասվածքն էլ ավելացրեց նրա խաղադաշտում չհայտնվելու պատճառները:

Մխիթարյանը Խեայի bro–ն է` անկախ աշխատավարձից

Ժոզե Մոուրինյոն անընդհատ նշում էր, որ հայ ֆուտբոլիստին ժամանակ է հարկավոր «Յունայթեդի» խաղին ընտելանալու ու հարմարվելու համար, և ի վերջո այդ ժամանակն եկավ, ու Մխիթարյանը դարձավ մանկունյանցիների առաջատարներից մեկը: Եվրոպայի լիգայում էլ հայ ֆուտբոլիստը մեծապես նպաստեց իր թիմի հաղթանակին:

Երկրորդ փորձությունը Մխիթարյանին սպասում էր արդեն այս մրցաշրջանում: Աստիճանաբար պարզ դարձավ, որ Մոուրինյոյի ու Մխիթարյանի հարաբերությունների միջև փոս է գոյացել, որի գնալով վերածվեց անդունդի, ու սկսեցին խոսել հայ ֆուտբոլիստի տեղափոխության մասին: Սկզբից հնչում էին «Ինտերի», «Բորուսիայի» անունները, ուր կարող էր տեղափոխվել Մխիթարյանը, հետո էլ ավելացան մի քանի նոր ակումբներ:

Բայց հիմա արդեն վստահ կարելի է ասել, որ բոլոր այդ խոսակցությունները մնացին ոչ պաշտոնական մակարդակի վրա: Իսկ «Արսենալը» գործին շատ լուրջ մոտեցավ, ու գործարքը կնքվեց: Ընդ որում` և՛ «Արսենալի», և՛ «Մանչեսթեր Յունայթեդի» համար Մխիթարյանի և Սանչեսի տեղափոխությունը պետք է հաջողված համարել:

Մխիթարյանի պարագայում շատ բան է կախված նրա հոգեբանական վիճակից: Բայց եթե համեմատենք Մոուրինյոյին ու Վենգերին, ապա միանշանակ Վենգերի հետ թվում է, որ ավելի հեշտ ու շուտ կարելի է ընդհանուր հայտարարի գալ: Մոուրինյոն հաստատ Մխիթարյանին այլևս իր թիմի կազմում չէր տեսնում, իսկ Վենգերը լրիվ հակառակը` Հենրիխի հետ մեծ հույսեր է կապում:

Ինչ վերաբերում է Սանչեսին, ապա պորտուգալացի մարզիչը ստացավ եզրային փորձառու ու վարպետ խաղացողի, որն արդեն վստահության քվեն ստացել է և կարող է «Յունայթեդին» օգուտ բերել, եթե հարմարվի Մոուրինյոյի խաղին:

Եվ վերջում նշեմ, որ շատ հետաքրքիր է ստացվում Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայի սկիզբը Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նա նշեց իր 29 ամյակը, և հենց այստեղից էլ նոր էջ է բացվում Հայաստանի ազգային հավաքականի ավագի ու արդեն «Արսենալի» կիսապաշտպանի համար: