Ողբերգական դեպք Երևանում. լոգարանում հայտնաբերվել է «Beko»–ի երիտասարդ դիզայների դին

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Արաբկիր» շտապբուժօգնության ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են աղջկա դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները լոգարանում հայտնաբերել են նշված հասցեի բնակիչ՝ 26-ամյա Սոսե Գ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական եզրակացության՝ Սոսե Գ.-ն մահացել է շմոլ գազից։

Փաստի առթիվ քննիչ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Beko» ՍՊԸ-ում՝ որպես դիզայներ։