Երևանում ծնված եռյակի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

Այս տարվա առաջին եռյակին հսկում են բժիշկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Այս տարվա առաջին եռյակը բժիշկների հսկողության տակ է, նրանք թերքաշ են ծնվել, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը։

Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Հռիփսիմե Մայիլյանը հունվարի 12-ին եռյակ է լույս աշխարհ բերել «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը։

«2018 թվականի առաջին եռյակը լույս աշխարհ է եկել հունվարի 12-ի առավոտյան։ Երկու տղաները կշռում էին 1 կիլոգրամ 280 գրամ, աղջիկը` 1 կիլոգրամ 200 գրամ», — ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է։ Կինն առաջին անգամ էր ծննդաբերում։ Երեխաները կեսարյան հատման միջոցով են լույս աշխարհ եկել հղիության 29-30-րդ շաբաթում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ 20-ամյա կինն էլ, նրա ամուսինը` 25 տարեկան Կամո Անտոնյանն էլ գործազուրկ են։ Կամոյի մայրը 1-ին խմբի հաշմանդամ է։

Սա 2018 թվականի առաջին եռյակն է։ Նախորդ տարի Հայաստանում չորս եռյակ է ծնվել։ Նրանցից միայն մեկի կյանքը չի հաջողվել փրկել։