Հայտնի է, թե Հայաստանից քանի մարզիկ կմասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերին

Հայաստանն այս տարվա ձմեռային Օլիմպիական խաղերին կներկայանա 3 մարզիկով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Հունվար — Sputnik. Այսօր դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի քվոտաները: Հայաստանը Փհենչհան-2018-ում կունենա երեք դահուկորդ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը։

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ դահուկավազքի տղամարդկանց հավաքականը նվաճել է մեկ ուղեգիր, իսկ կանանց թիմը ստացել է սպիտակ քարտի իրավունք: Եվ, ևս մեկ սպիտակ քարտ ստացել է լեռնադահուկային սպորտի տղամարդկանց հավաքականը:

«Առաջիկա օրերին ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ: Որոշելու ենք, թե որ մարզիկները պետք է հանդես գան Փհենչհան-2018-ում եւ համապատասխան գրությամբ դիմելու ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»,-ասել է Գագիկ Սարգսյանը:

Ձմեռային Օլիմպիական խաղերն ընթանալու են փետրվարի 9-ից 25-ը, Փհենչհանում` Հարավային Կորեա: