Սողանքի վտանգ Լոռու մարզում. ԱԻՆ–ն առաջարկում է տարհանել բնակիչներին

Սողանքային մարմնի հետագա ակտիվացումները կանխելու նպատակով իրականացվելու է ինժեներաերկրաբանական հետազոտություն, որի հիման վրա կնախապատրաստվեն առաջարկություններ սողանքի վտանգը և հետագայում հնարավոր վթարային իրավիճակները կանխելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հունվարի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ կայացավ ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Լոռու մարզի Թումանյան համայնքում հունվարի 21-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով ստեղծված իրավիճակի քննարկում` իրավիճակային լուծում գտնելու և հետագայում կանխարգելիչ ինժեներապաշտպանական միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ուրցաձորում բլրաշերտը փլվել է գյուղացու վրա. նա այդպես էլ գիտակցության չի եկել

ՀՀ ԱԻՆ կողմից առաջարկվել է տարահանել սողանքի ազդեցության գոտում ապրող բնակիչներին, ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել է շուրջօրյա հերթապահություն: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ճշգրտվել է գնացքների չվացուցակը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մարդատար գնացքների անցնելուց 4 ժամ, իսկ բեռնատարներ գնացքների անցնելուց 1 ժամ առաջ տեղեկացնում է այդ մասին ՀՀ ԱԻՆ-ին:

Սողանքային մարմնի հետագա ակտիվացումները կանխելու նպատակով իրականացվելու է ինժեներաերկրաբանական հետազոտություն, որի հիման վրա կնախապատրաստվեն առաջարկություններ սողանքի վտանգը և հետագայում հնարավոր վթարային իրավիճակները կանխելու համար: Նախնական միջոցառումների շրջանակում իրականացվելու են առաջացած ճեղքերի կավային ջրակայուն գրունտներով փակման աշխատանքներ, ինչը կբացառի մակերևութային ջրերի հետագա ներթափանցումը գրունտի մեջ: Քանի որ տեղանքի ռելիեֆը թույլ չի տալիս ստանալ մեծ կետայնության պանարամային լուսանկարներ՝ իրավիճակը առավել պատկերավոր դարձնելու նպատակով լուսանկարահանումները կիրականացվեն անօդաչու թռչող սարքերի (դրոններ) միջոցով:

Հիշեցնենք, որ Թումանյան համայնքում, օրերս ակտիվացած սողանքի հետեւանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել և վտանգավոր իրավիճակ է ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար: