Երևանի կապույտ մզկիթը կներառվի՞ ՅՈՒՆԵՍԿՕ–ի նախնական ցանկում

Իրանի տարածքում գտնվող երեք հայկական վանական համալիր` Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադևոս Առաքյալի և Ձոր -Ձոր մատուռը, արդեն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հայաստանն, իր հերթին, ցանկանում է Երևանի Կապույտ մզկիթը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik.  Հայաստանը մտադիր է Երևանի Կապույտ մզկիթը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցուցակում, Sputnik  Արմենիային ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ–ները մեջբերել էին ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահի տեղակալ Մոհամադ–Հասան Թալեբիանի խոսքերն այն մասին, որ Երևանի մզկիթը վերանորոգման կարիք ունի, և Իսլամական Հանրապետությունը վերանորոգման ծրագիր է նախապատրաստել է, ընդ որում` աշխատանքների մեծ մասը պետք է իրականացներ Երևանում Իրանի դեսպանատունը։ Արդեն պայմանավորվածություններ կան, այդ հարցը քննարկվել է Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հետ։

Հայերի պարսկական թիկունքը. ինչպես է Իրանը պայքարում Հայաստանի համար ՅՈՒՆԵՍԿՕ–ում

Սամուելյանի խոսքով` Երևանի Կապույտ մզկիթի հարցն օրակարգում է երկար տարիներ։ Այդ մասին խոսել է նաև ՀՀ նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Շատ լավ է, որ մեր իրանցի գործընկերները խոսում են այդ մասին։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել, քանի որ մեր հարավային հարևանը շատ լավ է վերաբերում իր երկրի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությանը», – նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Սամուելյանն ավելացրեց, որ դա անհերքելի փաստ է, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում արդեն իսկ ներառված են հայկական ճարտարապետության հուշարձանները։ Երեք հայկական վանահամալիրները` Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադևոս Առաքյալի և Ձոր-Ձոր մատուռը, արդեն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ինչպես նշեց փոխնախարարը, Հայաստանը որոշել է դիմել այդ քայլին` հայտ ներկայացնել Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ–ի նախնական ցանկում ներառելու համար, ի նշան երախտագիտության և բարի դրացիական հարաբերությունների։

«Արդեն 1.5 տարի է, ինչ հայտը գտնվում է իրանական կողմի մոտ։ Եթե նրանց կողմից որևէ նկատողություններ լինեն, մենք դրանք հաշվի կառնենք, իսկ ավելի ուշ ԱԳՆ–ի միջնորդությամբ կդիմենք ՅՈՒՆԵՍԿՕ–ին», – ասաց Սամուելյանը։

Դեռևս որևէ պատասխան կամ ճշգրտում չկա, սակայն եթե հարևան Իրանում բարձրացրել են այդ հարցը, նշանակում է Հայաստանը մոտ ժամանակներում պատասխան կստանա իրանական կողմից։ Կապույտ մզկիթը քառանկյունի ընդարձակ շինություն է, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում։

Կապույտ մզկիթի ամբողջ համալիրը 7000  քմ տարածք է զբաղեցնում, ունի 71x47 մ չափերով ներքին բակ,  բարձր մինարեթ և լայնանիստ գմբեթ։ Աղյուսակերտ է և մինարեն։ Գմբեթն ու պատերի մի մասը պատած են երկնագույն հախճապակով։ Բուն մզկիթի շինվածքները գտնվում են հարավային և հյուսիսային կողմերում, իսկ թևերում և դիմացը կառուցված են օժանդակ մի շարք մանր շենքեր ու խցիկներ։ Մզկիթն ունի երեք մուտք, երկու փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային։ Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում։ Այն բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար հետ։