Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է. Վենգերն ու «Արսենալը» մեծ ուրախությամբ են ընդունել Հենրիխին

Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալ, ասել է Մխիթարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ:

Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը և ֆեյսբուքյան էջը: Բարի գալուստ «Արսենալ», Հենրիխ Մխիթարյան,–գրված է «Արսենալի» պաշտոնական կայքում։

«Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալ: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը:


«Արսենալի» երկրպագուները չեն դադարում Հենրիխ Մխիթարյանի մասին հիացական մեկնաբանություններ գրել սոցցանցերում։
Ակումբում շատերը չեն թաքցրել իրենց ուրախությունը։

«Ընտիր է, ուրախ ենք քեզ այստեղ տեսնել»,–գրել են Թվիթերում։


««Շեֆը» Մխիթարյանի մեծ երկրպագուն է»,–գրված է ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Խաղաշապիկի համարի մասին տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ:

​Հիշեցնենք` Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» ներառված էր Լոնդոնի ակումբի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում:

Սանչեսը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր և կստանա տարեկան 14 միլիոն ֆունտ ստեռլինգ հարկերի վճարումից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը կատաղել էր հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի պատճառով, որը հայ ֆուտբոլիստի համար բարձր աշխատավարձ է պահանջել «Արսենալում»։

ԶԼՄ-ների տվյալների համաձայն` Ռայոլան Մխիթարյանի համար պահանջում է մի գումար, որը գերազանցում է ֆուտբոլիստի այսօրվա աշխատավարձը (հիմա Մխիթարյանը ստանում է շաբաթական 150 000 ֆունտ ստեռլինգ, որը մոտավորապես 200 հազար դոլար է կազմում)։