ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային արխիվը կտպագրի գիրք` նվիրված Հայկական ԽՍՀ–ի մարտիկներին։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Կպատմեն բոլոր այն տղաների մասին, որոնք զորակոչվել են Հայաստանից, անկախ նրանից նրանք հայ են եղել, թե ոչ։ Այդ գրքի էջերում իրենց տեղը կգտնեն Հայաստանից զորակոչված և՛ հայ, և՛ եզդի, և՛ ռուս, և՛ քուրդ, և՛ հույն, և՛ ադրբեջանցի մարտիկները։
Նրանց մասին բոլոր տվյալները պահպանվել է հոնրապետության ռազմական կոմիտեում։ Գիրքը լույս կտեսնի 2020թ.–ին` պատերազմի հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ։
«Սովորաբար, նման գրքեր տպվում են միայն զոհված հերոսների մասին, բայց պետք չմոռանանք նաև պատերազմից վերադարձած հերոսներին»,–նշեց Վիրաբյանը։
Ապագայում կփորձեն ինֆորմացիա հավաքել նաև այլ հանրապետություններից պատերազմ զորակոչված հայերի մասին։ Բայց, Ազգային արխիվի տնօրենի խոսքով, դա բավականին ժամանակ պահանջող գործընթաց է։