Ադրբեջանի ԱԹՍ-ն տորպեդահարել է Արցախի վերաբերյալ բանակցությունները. Բաբայան

Ադրբեջանի գործողություններն անտրամաբանական են և ահաբեկչական բնույթ են կրում, կարծում են Ստեփանակերտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ադրբեջանի ԱԹՍ-ի հարձակումը տորպեդահարում է Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացը, Sputnik Արմենիային ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Ավելի վաղ Ստեփանակերտը հայտնել էր, որ Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմն անօդաչու թռչող սարքից ականանետի արկ է կիրառել: ՊԲ-ն հարձակման հետևանքով կորուստներ չի ունեցել: Ադրբեջանում հերքել են ՊԲ-ի հաղորդումը` հայտարարելով, որ եթե նման հարձակում իրականացվեր, «հայկական զորքերը մեծ կորուստներ կկրեին»:

Լարվածություն շփման գծում. հակառակորդն անօդաչու թռչող սարքից կիրառել է ականանետի արկ

«Կարծես մտադրված, ամեն անգամ հանդիպումներից ու պայմանավորվածություններից հետո, նրանք անդադար տորպեդահարում են գործընթացը», — ասաց Բաբայանը:

Բաբյանը զուգահեռներ տարավ ու նշեց, որ նման ակցիա Ադրբեջանն իրականացրեց նաև ապրիլյան պատերազմի վերջին օրը, երբ Ստեփանակերտ ժամանեցին համանախագահները:

«Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, ճեպազրույցի ժամանակ երկնքում պայթուցիկով զինված անօդաչու թռչող սարք հայտնվեց, որը մենք խոցեցինք», — հիշեցրեց Բաբայանը:

2018 թվականին Ստեփանակերտում մի շարք հիշարժան օրերի հետ կապված Ադրբեջանի կողմից նոր սադրանքներ են սպասվում:

«Խոսքը զուտ աշխարհաքաղաքական նպատակներով Օսմանյան կայսրության և այլ իմպերիալիստական երկրների կողմից Ադրբեջանի արհեստական կազմավորման հարյուրամյակի մասին է: Լրանում է Հեյդար Ալիևի 95-ամյակը, 2018 թվականին նախագահական ընտրություններն են, Ադրբեջանի կողմից Ջեբրաիլը, Զանգելանը, Աղդամը, Ֆիզուլին, Կուբաթլուն և Քելբաջարը կորցնելու 25-ամյակը: Սրանք երկրի կարճ պատմության ողջ ընթացքում նրանց ամենամեծ քաղաքական, ռազմական, բարոյական կորուստներն են», — ասաց Բաբայանը:

Նրա խոսքով` այս ամենը «բարեբեր» հիմք է ստեղծում «հայրենսիրական» զգացմունքները շահարկելու համար: