ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Չիլիում Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցից հետո հերթական կաթոլիկ եկեղեցին ավերվեց վանդալների կողմից, հայտնում է ABC News-ը:
Անհայտ անձինք ևս մեկ կաթոլիկ եկեղեցի են այրել: Հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է Պանգիպուլիում գտնվող կառույցը:
Ականատեսների վկայությամբ՝ հրդեհն, ամենայն հավանականությամբ, կազմակերպել էին դիմակավոր երկու անհայտ անձ, որոնց նկատել էին միջադեպի ժամանակ եկեղեցու մերձակայքում:
Փրկարարներին հաջողվել է կասեցնել կրակի տարածումը մերձակա շենքերի վրա: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
Հռոմի պապի մեկնումից հետո ևս մի քանի նման դեպք է գրանցվել:
Հռոմի պապը Չիլիում էր հունվարի 15-18-ը: Նրա այցելության ընթացքում հանրապետության տարածքում անհայտ անձինք երկրի տարբեր շրջաններում շուրջ 9 եկեղեցի են այրել: Ներկա պահին Պապը Պերուում է գտնվում: