Պահանջում էր «հայ» գրել խորհրդային անձնագրում. Դմիտրի Խառատյանի տարեդարձն է այսօր

Հայտնի դերասան Դմիտրի Խառատյանը այսօր դառնում է 58 տարեկան: Sputnik Արմենիան որոշ հետաքրքիր փաստեր է ներկայացնում դերասանի կենսագրությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հունվարի 21-ին լրանում է խորհրդային և ռուս կինոյի ամենահայտնի դերասաններից մեկի` Դմիտրի Խառատյանի 58 ամյակը:

Խառատյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 21-ին Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում, ինժեներների ընտանիքում: Որդու ծնվելուց երեք տարի անց Խառատյանների ընտանիքը տեղափոխվել է Մոսկվայի մարզի Մերձմոսկովյան շրջան։

Դերասանի գերդաստանում կային հաջողակ առևտրական գինեգործներ հայկական Մեղրի քաղաքից, նաև «բոլշևիկյան նավաստիների կողմից» Հելսինկիում գնդակահարած ծովային սպա և նույնիսկ Ալեուտի կղզիներից մեկի ոմն կառավարիչ:

Ուկրաինայում արգելել են Խառատյանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրումը

Իր կյանքում միակ «ազգային կոնֆլիկտը» հայտնի դերասանը ունեցել է դեռ պատանի տարիքում, երբ առաջին անձնագիրը ստանալու ժամանակ պնդել է, որ «ազգություն» սյունակում նշված լինի «հայ»:

Նա երազում էր տիեզերագնաց, ոստիկան, զինվորական, օդաչու և նույնիսկ բժիշկ դառնալու մասին: Զբաղվում հոկեյով ու ֆուտբոլով, սակայն ճակատագիրը փոքրիկ Խառատյանին «հուշեց», որ նա դերասան է դառնալու:

«Ինձ վրա հեռուստացույց ընկավ: Այն դրված էր սպիտակեղենի համար նախատեսված պահարանի վրա, որը չգիտես ինչու ես ցանկացա բացել: Ուժեղ քաշեցի դռնակն ու գլխիս ստացա: Կարծում եմ՝ ճակատագրի ուղարկած նշանն էր: Հեռուստացույցն այնպես ընկավ վրաս, որ բառացիորեն հայտնվեցի էկրանի մեջ: Ես այնպես բղավեցի, որ խոհանոցից օգնության հասան ծնողներս: Հեռուստացույցը հանեցին, սակայն ես այդ օրվանից ոչ մի կերպ էկրանի միջից դուրս չեմ գալիս», — պատմել է Խառատյանը հարցազրույցներից մեկի ժամանակ:

Ընդ որում՝ Խառատյանը չէր մտածում դերասանի մասնագիտության մասին, և «հեռուստացույցի» մեջ շատ հանկարծակի հայտնվեց կրկին, երբ սովորում էր 10-րդ դասարանում: Ապագա դերասանը «Մոսֆիլմ» եկավ ընկերուհու հետ և պատահաբար գլխավոր դեր ստացավ Վլադիմիր Մենշովի «Խաղարկություն» ֆիլմում: 1977 թվականին ֆիլմն էկրան բարձրացավ, իսկ Դմիտրի Խառատյանը մեծ ճանաչում ձեռք բերեց։

Մամուլում հաճախ նրան հորական կողմից հայ են անվանում, իսկ մորական կողմից` գարդեմարին, սակայն այդ կատակում ճշմարտության մեծ բաժին կա: 1982 թվականին, երբ Խառատյանն ավարտեց Մոսկվայի Մ.Ս. Շեպկինի անվան Բարձրագույն թատերական ուսումնարանը, Մառլեն Խուցիևը հրավիրեց երիտասարդ դերասանին մարմնավորելու Պուշկինի կերպարը: Զարմանալիորեն, նա նմանություն տեսավ դերասանի և ռուս բանաստեղծի միջև, սակայն ֆիլմի նկարահանումներն արգելեցին. ականավոր ռուս բանաստեղծի դերը չէր կարող խաղալ հայկական ազգանուն ունեցող դերասանը:

Բայց առջևում իսկական ճանաչում էր նրան սպասում: Հայի խառնվածք ունեցող շիկահերը հայտնի դարձավ «Գարդեմարիններ, առաջ» ֆիլմում մարմնավորած Ալյոշա Կորսակի դերի շնորհիվ:

Ֆիլմի ծնունդից հետո դերասանն անհավանական ճանաչում ձեռք բերեց. աղջիկները պարկերով նամակներ էին գրում` փորձելով արժանանալ նրա ուշադրությանը:

Խառատյանն ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջին ամուսնությունից ծնվել է նրա դուստրը` Ալեքսանդրան, իսկ երկրորդից` որդին` Իվանը:

Այսօր նա շարունակում է զբաղվել կինոյով, խաղում է թատրոնում, համերգներ տալիս ու զբաղվում հասարակական գործունեությամբ:

Հոդվածը գրվել է բաց աղբյուրների հիման վրա: