Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել. ՊՆ–ն արձագանքել է այս հրապարակմանը

ՊԲ զինծառայողի հնչեցրած մտքերն աղավաղված են. վստահեցնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Ի պատասխան հունվարի 19-ին հրապարակված «Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ այդտեղ ՊԲ զինծառայող Էդգար Հակոբյանի կողմից հնչեցված մտքերը լրիվությամբ աղավաղված են. այս մասին նշված է Արցախի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

ՊՆ-ն ներկայացնում դեպքերի իրական պատկերը։

Հայ զինվորի վերքերը, կամ ինչու Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը սվիններով ընդունվեց

Էդգար Հայկազի Հակոբյանը պայմանագրային հիմունքներով ՊԲ-ում ծառայում է 2017թ. մայիսի 1-ից: Իր 8 ամսվա ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող: Առաջին անգամ նա ծառայության չի ներկայացել 2017թ. նոյեմբերի 11-ին:

Նոյեմբերի 13-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել զորամաս, որտեղ զորամասի հրամանատարի կողմից Է. Հակոբյանի հետ տարվել է բացատրական աշխատանք: Սակայն նույն օրը զինծառայող Հակոբյանը կրկին ինքնակամ լքել է զորամասը: Նոյեմբերի 18-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինս բերման է ենթարկվել և զորամասի հրամանատարի կողմից նրան, որպես կարգապահական տույժ, հայտարարվել է 10-օրյա կալանք՝ կարգապահական վաշտում: 2018թ. հունվարի 5-ին

Հակոբյանը երրորդ անգամ չի ներկայացել ծառայության, ինչից հետո հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն և զինծառայողի կարգավիճակի մասին>> ԱՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասին 7-րդ կետը («զինվորական ծառայությունից արձակում»՝ կարգապահական տույժ կիրառելիս), զորամասի հրամանատարի կողմից որոշում է կայացվել միջնորդել պաշտպանության բանակի հրամանատարին՝ Է. Հակոբյանին ծառայությունից ազատելու և պահեստազոր ուղարկելու մասին: Պաշտպանության բանակի հրամանատարի 2018թ. հունվարի 17-ի հրամանով Էդգար Հայկազի Հակոբյանն ազատվել է զինվորական ծառայությունից և ուղարկվել պահեստազոր:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին հասարակության շրջանում մոլորություն չառաջացնելու համար զերծ մնալ չճշտված տեղեկատվության հրապարակումից: