Խաղալիք` Դավթի ու Տախմինայի համար. ինչպես թղթե պատկերները տիկնիկների վերածվեցին

Գյումրու Նանսենի անվան երեխաների խնամքի տան սաներն այսօր անակնկալի են եկել. երեխաների նկարած պատկերները մեծահասակները խաղալիքների են վերածել։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik

Ամանորից առաջ Տախմինային, Դավթին ու Գյումրու Նանսենի անվան երեխաների խնամքի տան ևս 28 սանի առաջարկել են նկարել իրենց երազած խաղալիքը՝ «Մի խաղալիքի պատմություն» ծրագրի շրջանակում:

Ոչ մեկին, նույնիսկ խնամքի կենտրոնի տնօրինությանը չեն ասել, որ նախատեսվում է նաև ծրագրի երկրորդ փուլ իրականացնել, և բոլորի համար անակնկալ է եղել, երբ երեխաների նկարած պատկերները խաղալիքների են վերածվել։

Երազանքները թղթին հանձնած ու կենդանի շունչ ստացած խաղալիքները` որպես հիշատակ, այսօր հանձնեցին երեխաների խնամքի տան սաներին:

Միջոցառում Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնում

Այս կենտրոնի սաները հիմնականում միակողմանի ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով երեխաներ են, որոնք նմանատիպ հրաշքների կարիքը շատ են զգում:

Սաներից մեկն էլ 15 տարեկան Դավիթն է, որն արդեն 5 տարի հաճախում է այս կենտրոն, սիրում է նկարել, բայց նկարելուց ավելի շատ ուզում է լավ սուսերամարտիկ դառնալ: Նա սուսերամարտում առաջին քայլերն է անում, հայրենի քաղաքում իր հասակակիցների մեջ կայացած մրցույթում երրորդ տեղն է նվաճել, բայց դա նրա համար դեռ վերջնագիծ չէ: Դավթի բոլոր նկարներում գերակշռում է սուսերամարտը:

Հենց նրա «Սուսերամարտիկն» էլ դարձավ ծրագրի խորհրդանիշը:

Միջոցառում Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնում

Տախմինան 13 տարեկան է: Ճակատագրի բերումով արդեն 4-րդ տարին է` Գյումրու Նանսենի անվան երեխաների խնամքի տան սաներից է: Ընտանեկան որոշակի խնդիրների պատճառով օրվա մի մասը հանրակրթական դպրոցում է անցկացնում, իսկ հետո` խնամքի տանը: Երազում է պարուհի դառնալ: Ինչպես հասակակից աղջիկներից շատերը, այնպես էլ Տախմինան արջուկ շատ է սիրում: Անկեղծանում է. «Շատ ունեմ նման արջուկներ, բայց, միևնույն է, շատ եմ սիրում»: Նրա նկարած արջուկը նույնպես խաղալիքի է վերածվել։

Սերունդների համերաշխություն երիտասարդական հասարակական կազմակերպության և Գյումրու Երիտասարդական պալատի իրականացրած ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: