Դավթաշենի պայթյունի հետքերով. գազալցակայանի աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է

«Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնում են, որ պայթյունից տուժած տղամարդուն արդեն 3 անգամ վիրահատել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գազալցակայաններից մեկում հունվարի 19-ին պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնից։

Պայթյուն Դավթաշենում. վնասվել են «Գազելները», կա վիրավոր

«Վիճակը ծայրահեղ ծանր է։ Երեք վիրահատություն ենք արել»,- ասացին բուժհաստատությունից։

32 տարեկան Էրիկ Կուրեխյանն ունի բազմաթիվ կոտրվածքներ:

Բժիշկներն այս պահին որևէ կանխատեսում անել չեն կարող։

Նշենք, որ երեկ Դավթաշենում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթել էր թիվ 58 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) գազաբալոնը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ ստեղծվել է Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակված ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավարը:

Հրամանում մասնավորապես ասվում է. «…4-օրյա ժամկետում տեխնիկական քննություն իրականացնել և ամփոփել «Քար գազ սերվիս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող (ք.Երևան Սասնա Ծռեր 1/5) ԱԳԼՃԿ-ում 2018 թվականի հունվարի 19-ին ժամը 23։20-ին «Գազել» մակնիշի երթուղային մեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցած պայթյունի (դժբախտ դեպքի) պատճառներն ու հանգամանքները, կազմել տեխնիկական քննության մասին եզրակացություն»: