ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Shamshyan.com կայքն այսօր տեղեկություն հրապարակեց, որ Վրաստանում արտակարգ իրավիճակ է, ավելի քան 5 տասնյակ ՀՀ քաղաքացիներ 3 օր է` արգելափակված են Թբիլիսիից մոտ 40 մետր հեռավորության վրա, իսկ ճանապարհն անհայտ պատճառներով փակ է: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է այդ տեղեկությունը։
«ՀՀ որևէ քաղաքացի արգելափակված չէ»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունը նշում է նաև, որ Թբիլիսիից դուրս եկող բոլոր ճանապարհները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
«Տարածած լուսանկարներում և տեսանյութում պատկերված ավտոմեքենաները ոչ թե գտնվում էին Թբիլիսիից 40 մետր հեռավորության վրա, ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ, այլ վրաց-ռուսական սահմանին էին կանգնած` անցակետի փակ լինելու պատճառով»,-նշված է հայտարարությունում։
Դեսպանատունը նշում է` ավտոմեքենաները այնտեղ կանգնած էին ոչ թե 3 օր, այլ մի քանի ժամ և որևէ արտակարգ իրավիճակ չի եղել, այլ անվտանգության նպատակով անցակետով երթևեկը դադարեցվել էր։ Այսօր ժամը 17։30 դրությամբ անցակետը բացվել է և թեթև մարդատար մեքենաների համար երթևեկությունը վերականգնվել է։