Արցախի զորամասերից մեկում նորակոչիկը ինքնախեղման փորձ է արել

Արցախի զորամասերից մեկի զինծառայողին ծայրահեղ ծանր վիճակում հունվարի 18-ին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է, որ միջադեպը կոծկելու միտումներ կան։ ՊՆ մամուլ քարտուղարը պատասխանել է այս գրառմանը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnk. Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նախորդ հինգշաբթի ծառայության անցած նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանը Նոր Նորքից։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է օգտատեր Արթուր Մինասյանը։

«Պատճառը՝ բարձրությունից ընկնելը/նետվելը/նետելը։ Տեղեկություններ կան, որ զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան»,- նշել է նա։

ՊՆ մամուլի քարտուղարն արձագանքել է այս գրառմանը` իսկ որտեղի՞ց իմացաք, որ միջադեպը կոծկելու միտում կա։

«Զինծառայողը ինքնախեղման փորձ է արել, ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն

Օգտատերը հարց է ուղղել` իսկ ինչի՞ց է երևում, որ հենց ինքնախեղման փորձ է, ոչ թե բռնության արդյունք։

«Դեռ քննությունը ցույց կտա, բայց իմ ունեցած տեղեկությունները դա են ասում, քանի որ առաջին իսկ օրվանից չի ուզեցել ծառայել, ինչի կապակցությամբ նաև ծնողին հրավիրել են զորամաս»,- պատասխանել է Հովհաննիսյանը:

Իսկ թե ինչու է նորակոչիկը բանակ զորակոչվելուց մի քանի օր անց ինքնախեղման փորձ արել, այդ հարցի պատասխանը միայն կարող է տալ քննությունը, և, ըստ ՊՆ մամուլի քարտուղարի, հաճախ դա ընդհանրապես կապ չունի ծառայության պայմանների հետ: