Բաքուն խոսել է համանախագահների «կրեատիվ» գաղափարների մասին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները կքննարկվեն միջնորդների տարածաշրջանային առաջիկա այցի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ներկայացրել են մի շարք կրեատիվ առաջարկներ։ Այս մասին ասված է հունվարի 18-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ համանախագահների հանդիպումների մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի կարգավորել Արցախի հարցը

Խոսելով հունվարի 18-ին կայացած հանդիպման մասին՝ Մամեդյարովը նշել է, որ բանակցությունները տևել են 6 ժամ: Ադրբեջանի արտգործնախարարը նախ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, ապա համանախագահների մասնակցությամբ կայացել է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո նախարարները խոսել են դեմ առ դեմ:

Պաշտոնական Բաքվի բնորոշմամբ` բանակցություններն անցել են դրական մթնոլորտում։ Իսկ փետրվարի սկզբին համանախագահները կայցելեն տարածաշրջան` առավել մանրամասն քննարկելու բանակցություններում արված առաջարկները։

Ըստ ադրբեջանցի արտգործնախարարի` ընդհանուր մոտեցումն այն է, որ հակամարտության կարգավորման գործում առաջընթացի, խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովման համար անհրաժեշտ է ինտենսիվորեն շարունակել տրամաբանական բանակցությունները։