Կարեն Կարապետյանի դավոսյան այցի օրը հայտնի է

Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին ու Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL)»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանը դավոսյան համաժողովին վերջին անգամ մասնակցել է 2009 թվականին։

Համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու են ավելի քան 100 երկրի պատվիրակություններ, այդ թվում` ԱՄՆ նախագահը։

Համաժողովն ընթանալու է 2018թ. հունվարի 23-26-ը: