Սերժ Սարգսյանի իրավահաջորդի անունը հայտնի է

ՀՀ 4–րդ նախագահը կլինի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Այսօր հայտնի դարձավ իշխող ՀՀԿ–ի` ՀՀ 4–րդ նախագահի թեկնածուի անունը։ Նա Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ:

2015թ.–ին իրականացրած սահմանադրական փոփոխություններից հետո առաջին անգամ Հայաստանը նախագահ կընտրի արդեն խորհրդարանական հանրապետության համար։

Նոր սահմանադրության համաձայն` Սերժ Սարգսյանի իրավահաջորդը կկորցնի օրենսդրական, գործադիր և դատական իշխանությունների համակարգողի լիազորությունները։ Նա քաղաքական կերպարից կվերածվի սահմանադրության անկուսակցական երաշխավորի (թեև նրան կընտրեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները)։

Խորհրդարանական կառավարման համակարգի համաձայն` 2018 թվականից զգալի կընդլայնվեն օրենսդիր և գործադիր իշխանության իրավասությունները (կառավարություն և խորհրդարան)։ Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխման գործընթացը պետք է վերջնական ավարտվի 2018 թվականի ապրիլին` պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո։

Ապրիլի 9-16-ը խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո կառավարության ղեկավարին կընտրի խորհրդարանն ու կներկայացնի նախարարների կաբինետի մյուս անդամների` նախարարների և փոխվարչապետների, հաստատմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նոր սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահին ընտրում է խորհրդարանը։ Նախագահը պաշտոնավարում է 7 տարով` առանց վերընտրության իրավունքի։