Մխիթարյանը «Արսենալում» իսկական սենսացիա կարող է դառնալ. բրիտանացի փորձագետ

Հենրիխ Մխիթարյանի հավատարիմ երկրպագու Փոլ Մերսոնը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալի» կազմում ֆուտբոլիստը կարող է սենսացիա անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Մխիթարյանն «Արսենալում» կարող է իսկական սենսացիա դառնալ, կարծում է Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ սյունակագիր և ֆուտբոլային փորձագետ Փոլ Մերսոնը` The Debate ծրագրի եթերում մեկնաբանելով հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը։

«Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ, հետևում են նրան դեռ այն ժամանակից, երբ Դորտմունդում էր, որտեղ նրան խաղաշրջանի խաղացող էին ճանաչել, ու որտեղ նա բազմաթիվ գոլեր էր խփում», —Մերսոնի ասածը փոխանցում է Sky Sports-ը։

Ավելի վաղ Մերսոնը հայտնել էր, որ Մխիթարյանն անգլիական պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից է, եթե «Արսենալում» նա խաղա այնպես, ինչպես Դորտմունդի «Բորուսիայում», ապա «Արսենալը» լիգայի լավագույն խաղացողներից մեկը կունենա։

Հիշեցնենք` մի քանի օր առաջ բրիտանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Հենրիխը համաձայնեցրել է անհատական գործարքի պայմանները` փաստացիորեն համաձայնելով «Արսենալ» անցնել։

Հենոն իսկական «զինագործ» կդառնա, կամ ի՞նչ կտա Մխիթարյանին Մոուրինյոյի «ավտոբուսից» իջնելը

Հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հունվարի 18-ին Լոնդոն է մեկնել` Մխիթարյանի «Արսենալ» անցնելու բանակցություններն ավարտելու նպատակով։

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր հերթին հայտնել էր, որ Մխիթարյանի աշխատավարձը խնդիր չէ։ Ավելի վաղ խոսվում է ր, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ հայ կիսապաշտպանի անհատական գործարքի շուրջ։

Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասն է դարձել։

Նախնական տվյալների համաձայն` Մխիթարյանը «Արսենալում» շաբաթական 130 հազար ֆունտ ստեռլինգ է ստանալու` գումարած բոնուսները։ Գործարքը չորս տարի ժամկետով է կնքվել։