Կենցաղային կանչից մինչև մահացու վտանգ. հայ փրկարարները մեկ տարում 274 մարդու կյանք են փրկել

Անցած տարված ընթացքում արտակարգ պատահարներից մահացածների թիվը հասել է 355–ի, որից 74–ը կանայք են, 18-ը` երեխաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Մեկ տարում փրկարարները 22 103 ելք են իրականացրել, փրկել 274 մարդու կյանք։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնաթերթի կայքում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2017 թվականին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Վրեժ Գաբրիելյան. «Փրկարար լինելը կոչում է»

2017 թվականին փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են 22103 ելք՝ 1973-ով ավելի քան 2016 թվականին: 7410 ելքով փրկարարներն արձագանքել են հրդեհի վերաբերյալ կանչերի, 8424՝ կենցաղային կանչ, 5268՝ այլ դեպք, 1001՝ կեղծ ահազանգ:

2017 թվականին արտակարգ դեպքերից զոհվել է 355 մարդ, այդ թվում՝ 74 կին, 18 երեխա: 2016 թվականին զոհվել էր 354 մարդ, 2015-ին՝ 442: Վնասվածքներ է ստացել 10688 մարդ, այդ թվում՝ 3051 կին, 1759 երեխա: 2016 թվականին վնասվել էր 9232, 2015 թվականին` 9226 մարդ: 2017 թվականին փրկարարները 274 մարդու կյանք են փրկել՝ 46-ով ավելի քան 2016-ին:

Ինչպես և նախորդ տարիներին, հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 13761 կամ մոտ 94 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են: Զոհերի մեծ մասն էլ ճանապարհատրանսպորտային պատահարներից է՝ 279 մարդ: