Երևանում պատմական փաստ է գրանցվել. օդի ջերմաստիճանը գերազանցել է նախկին ռեկորդները

Հայաստանի մայրաքաղաքում եղանակն այսօր գերազանցել է 42 և 57 տարվա ռեկորդները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Օդի ջերմաստիճանը «Երևան Զվարթնոց» օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976թ գրանցված ռեկորդը` 12,0 աստիճանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ըստ Սուրենյանի` «Երևան Էրեբունի» օդերևութաբանական կայանում, որը գործում է 1844թ-ից, ջերմաստիճանը հասել է +13.5 աստիճանի և տվյալ օրվա համար կրկին 1 աստիճանով գերազանցել է 1961թ գրանցված ռեկորդը, 12.5 աստիճանը:

Նա նշել է, որ այսօրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում: