Երևանի փողոցներում թնդում է «իջեցում» բառը. «Ելքը» համառ պայքար է խոստանում

Երևանում անցնող երթի կազմակերպիչները խոստանում են` ակցիան լինելու է խիստ ու տևական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. «Ելք» ընդդիմադիր դաշինքի կազմակերպած բողոքի ակցիային մոտ հազար մարդ է միացել, որոնք բողոքում են թանկացումներից։

Կազմակերպիչները խոստանում են հասնել հաղթանակի, այն է` գների իջեցման։

Ի՞նչն է թանկացել 2017 թվականին

Սա ներքին խնդիր է, որ կապ չունի ոչ ԵԱՏՄ-ի, ոչ միջազգային գների հետ, կարծում են «Ելքի» ներկայացուցիչները։

«Հունվարի 1-ից դիզելային վառելիքի, բենզինի և եկամտահարկի բարձրացումը խորհրդարանի նախաձեռնությունն է», — հավաքվածներին ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով` այդ թանկացումը շղթայական ռեակցիա կունենա, մանավանդ, որ Ամանորից առաջ արդեն իսկ թանկացել էին մի շարք մթերքներ։

Նա համոզված է, որ դրա հետևանքով աղքատության շեմը կաճի։

Հավաքվածները շարունակում են երթը` «իջեցում» վանկարկելով։

Երթը մեկնարկել է Շառլ Ազնավուրի հրապարակից և կավարտվի Հյուսիսային պողոտայում։