Թեև շատերն են կարծիք հայտնում, որ ՀՀ նոր նախագահը լինելու է «Անգլիայի թագուհու» կարգավիճակում, բայց Սահմանադրությամբ նրան վերապահված լիազորություններն իրականում քիչ չեն, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ կարող է փոփոխություններ կատարել կառավարության կազմում, վարչապետի առաջարկությամբ նշանակել ու հետ կանչել դիվանագետներին, կառավարության առաջարկությամբ կնքել միջազգային պայմանագրեր։ Բացի այդ, վարչապետի առաջարկությամբ, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին։ Կասեմ, որ դրանք փոքր լիազորություններ չեն։ Ճիշտ է` ֆորմալ իմաստով նա մեծ լիազորություններ չունի, բայց, եկեք անկեղծ լինենք, Հայաստանը 100%-անոց դեմոկրատական երկիր չէ, որտեղ միայն օրենքներով են շարժվում»,- ասաց Բոզոյանը։
Ապրիլից հետո ընտրվող նախագահը, քաղաքագետի համոզմամբ, կարող է լուրջ դեր կատարել իշխանությունների հետագա լիազորությունների հարցում։
Բոզոյանը համոզված է, որ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը, իսկ Կարեն Կարապետյանը կդառնա սոցիալ-տնտեսական հարցերով զբաղվող փոխվարչապետ։