ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 07։50-ի սահմաններում Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 39-ամյա Արկադի Գևորգյանը Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է։ Իսկ մյուս վրաերթի ենթարկվածին՝ երեխային, բուժբրիգադը նախ տեղում օգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը մայր ու դուստր են, ովքեր փողոցն անցնելիս են հետիոտնի համար նախատեսված վայրով։
Վարորդը փախուստի չի դիմել, մեղայականով ներկայացել է Ոստիկանության Շենգավիթի բաժին։