Ողբերգություն Բուրյաթիայում. դեռահասը կացնով հարձակվել է դպրոցականների վրա

Բուրյաթիայում դեռահասը հարձակվել է դպրոցի վրա և վնասել աշակերտներին։ Վիրավորվել է հինգ մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Ուլան Ուդեում դեռահասը կացնով հարձակվել է դպրոցի վրա և վնասել 7–րդ դասարանի առնվազն հինգ աշակերտի։ Այդ մասին հաղորդում է Mash ալիքը։

«9–րդ դասարանի աշակերտ Անտոնը մտել է դպրոց և միանգամից անցել դասասենյակ, որտեղ ընթանում էր 7–րդ դասարանի պարապմունքը։ Հենց շեմից նա «Մոլոտովի կոկտեյլ» է նետել։ Սկսվել է հրդեհ։ Երեխաները սկսել են փախչել, խուճապ է սկսվել։ Ուսուցչուհին նետվել է Անտոնի վրա, որպեսզի պաշտպանի երեխաներին։ Նա կացնով հարվածել է ուսուցչուհուն, դրանից հետո սկսել հարձակվել երեխաների վրա», – ասվում է հաղորդագրությունում։

Հայտնի է, որ տղայի մոտ նաև դանակ է եղել։

Տուժածներից երեքը ծանր վիճակում են։ Հարձակվողը ձերբակալվել է։

Քննիչները քրեական գործ են հարուցել «Մահափորձ երկու և ավելի անձանց վրա` կատարված անչափահասների հանդեպ» հոդվածով։

«Հանցագործության դրդապատճառները և պատահարի հանգամանքները պարզվում են», – ասվում է հաղորդագրությունում։ Քննիչները նաև իրավական գնահատական կտան դպրոցի աշխատողների գործողություններին։

Շրջանի ղեկավար մարմիններին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ դպրոցի վրա հարձակվել է երեք հոգի, որոնցից երկուսին հաջողվել է թաքնվել։