Արմենուհի Մխոյան, Sputnik.
Հորդանան գետի ջրերում Քրիստոսին մկրտեց Հովհաննես Մկրտիչը, և Աստված սրբագործեց ջուրը։ Մեծ ջրօրհնեքը, որը նվիրված է Փրկչի մկրտման հիշողությանը, ռուս ուղղափառ եկեղեցիներում կատարվում է հունվարի 18-ին և 19-ին:
Վերջին տարիներին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները, նրանց ընտանիք անդամները, Հայաստանում զինվորական ծառայությունն իրականացնող զինվորականները, սպաները, ռուսական համայնքի ներկայացուցիչները տոնի մեկնարկն ազդարարում են Գյումրու «Չերքեզի ձոր» տարածքում: Տարեցտարի Մկրտությանը մասնակցելու ցանկություն հայտնածների թիվը մեծանում է։ Այս տարի, տարածքի հնարավորությունը հաշվի առնելով, ոչ բոլորին էր թույլատրվում մասնակցել, այլ միայն նրանց, ովքեր նախապես էին ցանկություն հայտնել:
Նրանք, ովքեր արդեն 9-րդ տարին էին մասնակցում տոնին, գիտեին՝ հատուկ ավազաններ կարող էին մտնել միայն ջրօրհնեքի կարգից հետո: Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Անդրեյի ձեռամբ «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում, հատուկ ավազանների ջուրն օրհնվելուց ու կարգ կատարելուց հետո, բոլոր ցանկացողներին ավազան մտնելու հնարավորություն տրվեց: Ինչպես միշտ առաջինը մկրտության ջուրը մտավ Հայր Անդրեյը. «Պետք է հասկանալ ու գիտակցել՝ սա լողալու կամ ֆիզիկականի համար չէ, այլ հոգևոր մաքրության. ջուրը միայն օրհնելուց հետո է սրբանում, որից հետո աղոթքով պետք է մտնել` 3 անգամ ընկղմվելով, «հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» խաչակնքվելով»,- նշեց Հայր Անդրեյը՝ փաստելով, որ ջուրը տաք է, քանի որ Աստծո շնորհով է ջերմացած:
Այս տարի ևս Քրիստոսի Մկրտությանը մասնակցում էին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորները՝ Հարավային ռազմական օկրուգի գնդապետ Վլադիմիր Ելկանովի գլխավորությամբ: Առաջին անգամ Գյումրիում Քրիստոսի Մկրտությանը մասնակցած զինվորները ստացան նաև խաչեր և աղոթագիրք:
Սուրբ ջրից հետո բոլորին, ըստ ցանկության, սպասվում էր օղի, տաք թեյ կամ հնդկաձավարով զինվորական շիլա:
Այս օրերին օրհնվում են նաև լճերի ու գետերի ջրերը` ի հիշատակ Աստծու հայտնությանը: Ջրում 3 անգամ ընկղմվելով՝ մարդիկ ազատվում են մեղքերից։ Մկրտության լողն անցկացվում է հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը հատուկ ավազաններում։ Օրվա խորհրդով պայմանավորված՝ ջրի օրհնությունը տոնի նախօրեին կատարվում է եկեղեցիներում, մկրտության օրը՝ գետերում և լճերում։ Բացի մկրտության լողից, հավատացյալները խմում են մկրտության ջուրը` հոգևոր ուժ ու առողջություն ստանալու համար, նաև այն ցողելով իրենց տներում՝ մաքրագործում են դրանք: