ՌԴ քաղաքացին Մոսկվա-Գյումրի ինքնաթիռում խախտել է կարգը. նա եղել է ոչ սթափ վիճակում

Դմիտրի Նազարովը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժանմունք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 18-ին, ժամը 20։00-ի սահմաններում «Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին որով հայտնել են, որ Մոսկվա-Գյումրի թիվ 855 չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը խախտում է հասարակական կարգը և չի ենթարկվում ինքնաթիռի անձնակազմին։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ բաժնից։

Պարզվել է, որ խուլիգանություն կատարողը ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի Շումիկինա փողոցի բնակիչ, 38-ամյա Դմիտրի Նազարովն է, ով գտնվելով ոչ սթափ վիճակում, խուլիգանություն կատարելով՝ խախտել է օդանավի վարքի կանոնները, այնուհետև ժամանման սրահում սահմանապահ վերահսկման գոտին անցնելիս թույլ է տվել հասարակական կարգի խախտում։

Երբ իրավապահները փորձել են նրան կարգի հրավիրել, նա հայհոյանքներ է տվել, խաթարել ավիացիոն անվտանգության ծառայողների, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատանքը։

Դ. Նազարովը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժանմունք։