Փոքրիկ Սանդրոն «կոտրել» է Վրաստանի ՊՆ–ի ֆեյսբուքյան էջը. տեսանյութ

Վրաստանի պաշտպանության նախարարությունում «կադրային փոփոխություն» է եղել. գերատեսչությունում հայտնվել է փոքրիկ Սանդրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցը չի հետևել որդուն, նա էլ հաջողացրել է գերատեսչության ֆեյսբուքյան էջից ուղիղ եթեր մտնել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Վրաստանի պաշտպանության նախարարության աշխատակցի տղան պատահաբար սեղմել է գերատեսչության ֆեյսբուքյան էջի Live կոճակը և ուրախացրել օգտատերերին։ Հայրը նկատել է ու արագ անջատել հեռարձակումը, տեսանյութը ջնջել են ՊՆ-ի էջից, բայց ոմանք հասցրել են ձայնագրել այն։

Վրաստանի ՊՆ-ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարն ավելի ուշ արձագանքել է տեղի ունեցածին։

«Փոքրի Սանդրոն էր` Վրաստանի ՊՆ-ի պաշտոնական էջի ադմինիստրատորի որդին։ Նա պատահաբար է սեղմել Live կոճակը և կարողացել է ուրախացնել ձեզ։ Ներողություն այդ զվարճալի բացթողման համար»,- գրել է Նինո Տոլորդովան։

Այս մեկնաբանությունն էլ անարձագանք չի մնացել։ Օգտատերերը գրել են, որ այդ բացթողումն այսօրվա ամենալավ իրադարձությունն էր։