«Հա՛մ եղում է, հա՛մ դեղում». Կարեն Կարապետյանն առաջարկում է ազատվել հարկային պարտքերից

Հայաստանի կառավարությունն առաջարկում է հետևել հարկահավաքմանը, բայց և տուգանքներով չխեղդել հարկատուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հայաստանում մշտապես հարկային պարտքեր են կուտակվում։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով` տեղական ինքնակառավարման ու այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի ու պարտադիր այլ վճարների պարտավորություններ, որոնք լուծում են պահանջում:

«Հաշվի առնելով, որ այդ տույժերի ու տուգանքների հավաքագրված խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումների, ամբողջական լուծում չեն ստացել` անհրաժեշտ է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը ու կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,-ասաց նա:

Նա հանձնարարեց տարածքային կառավարման, գյուղատնտեսության, ֆինանսների նախարարներին, ինչպես նաև պետեկամուտների կոմիտեի ղեկավարին ու մարզպետներին մեկ ամսվա ընթացքում մտածել, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը։

«Իսկ ձեզ մոտ նման պակասորդ կա՞», — հարցրեց վարչապետը քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ «Այո, մեզ մոտ ևս կա։ Մասնավորապես, վարձակալության վճարների հետ կապված», — նշեց քաղաքապետը։

Պետք է խիստ լինել, որպեսզի հարկատուները ժամանակին վճարեն հարկերը, բայց միևնույն ժամանակ` համբերատար, որպեսզի ուշացնողներին չճնշեն տույժ ու տուգանքով։