Բազմազավակ ընտանիքները բուհերում և մանկապարտեզներում արտոնություններ կստանան

Բազմազավակ ընտանիքները Հայաստանում այդքան էլ շատ չեն։ Դրանցից շատերն ապրում են նպաստով, ինչպես նաև արտագնա աշխատանքի մեկնած հայրերի ուղարկած գումարներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Բազմազավակ ընտանիքները Հայաստանում այսուհետ կրթության և առողջապահության ոլորտում ծառայությունների համար արտոնություններ կստանան։ Համապատասխան օրինագծի փաթեթն այսօր կառավարության հավանությանն է արժանացել։

Առանձնատներ` Արցախի բազմազավակ ընտանիքներին


Բազմազավակ ընտանիքների երեխաները (չորս կամ ավելի երեխա) այսուհետ մանկապարտեզներում, տեխնիկումներում և բուհերում կօգտվեն մինչև 50% զեղչի հնարավորությունից։

Այդ ընտանիքների երեխաներին ու նրանց ծնողներին առողջապահական պետական ծրագրերով (պատվաստումներ, ախտորոշում կամ պետպատվերով արվող վիրահատություններ) կսպասարկեն լիովին անվճար կամ արտոնյալ գներով։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մոտ 7400 բազմազավակ ընտանիք կա։ Դրանց մեծ մասը մարզերում են. մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանում գրեթե 1200 բազմազավակ ընտանիք կա, Արագածոտնի մարզում, որտեղ մոտ 130 հազար մարդ է ապրում, բազմազավակ ընտանիքների թիվը հասնում է 565-ի։

Իսկ ինչո՞վ են ապրում այդպիսի ընտանիքները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջին անգամ դա փորձել է պարզել 2014 թվականին։ 611 ընտանիքներում անցկացված հարցման արդյունքներով պարզվել է, որ աշխատավարձը նրանց եկամտի 2%-ն է կազմում, իսկ պետական նպաստները` 80%։ Այդպիսի ընտանիքներում մայրն ու երեխաները (հաճախ նաև ամուսինների ծնողները) հիմնականում ապրում են արտագնա աշխատանքի մեկնած ամուսնու ուղարկած միջոցներով։ Նման ընտանիքներում մայրերի 89%-ն ու հայրերի 69% —ը գործազուրկ են կամ աշխատում են արտերկրում։