«Գազելներին» մնաց 1 տարի. Երևանում կլինեն միայն ավտոբուսներ ու տրոլեյբուսներ

Երևանյան տրանսպորտի նոր ցանցով նախատեսվում է կրճատել տրանսպորտային միջոցների քանակը։ «Գազելներին» կփոխարինեն մեծ ավտոբուսները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. 2019թ-ից Երևանի փողոցներից կվերանան միկրոավտոբուսները։ Մայրաքաղաքի տրանսպորտը բաղկացած կլինի միայն մեծ ու փոքր տարողությամբ ավտոբուսներից։ Երևանյան տրանսպորտային նոր ցանցի նախագիծն այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի նիստում ներկայացրել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Երևանում տրանսպորտի սակագնի բարձրացում նախատեսված չէ

Նոր ցանցով նախատեսված է երևանյան երթուղիների թիվը ներկայիս 115-ի փոխարեն դարձնել 42, տրանսպորտային միջոցներինը` 2039-ի փոխարեն 939։ Երևանում ուղևորափոխադրումներ կիրականացվեն միայն մեծ ու փոքր ավտոբուսներով։ Մայրաքաղաքի փողոցներում կհայտնվեն նաև նոր, ավելի մեծ տարողությամբ միակցված ավտոբուսներ։

Իսկ տրոլեյբուսային ցանցը կպահպանվի ներկայիս երթուղիներով ու շարժակազմով։ Մեծ ծախսատարության պատճառով քաղաքապետարանում որոշել են տրոլեյբուսային նոր երթուղիներ ու նոր գծեր չավելացնել։

Վահե Նիկոյանի խոսքով` նոր ցանցում տրանսպորտի աշխատանքը սկսվելու է առավոտյան 6։45-ին, ավարտվելու է ուղիղ կեսգիշերին։ Ընդ որում, առավոտյան մինչև ժամը 8-ը տրանսպորտն աշխատելու է 10 րոպե հաճախականությամբ, 08։00-19։00-ն` 5, 19։00-21։00-ն` 10 և երեկոյան 21։00-00։00-ն` 15 րոպե հաճախականությամբ։

Տրանսպորտային նոր ցանցը նախատեսվում է գործարկել 2019թ-ից։