Հաշված ժամեր անց հայաստանցիները կտաքանան. տաք հոսանքները ճանապարհին են

Գագիկ Սուրենյանը վստահեցնում է, որ տաք հոսանքները Հայաստան կհասնեն Աֆրիկայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հունվարի 19-ի առավոտը Հայաստանը կդիմավորի Աֆրիկայից եկած տաք հոսանքներով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Մեր տաք հոսանքները Աֆրիկայի արևադարձային լայնություններից լուսադեմին կներթափանցեն Հայաստան»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։

Հունվարի 20-ին ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա մի քանի աստիճանով։ Կանխատեսումների համաձայն`այդ օրը Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 10-12 աստիճան տաքության։ Համեմատության համար նշենք, որ այսօր օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին չի գերազանցի +7 աստիճանը։

Սուրենյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ այս ջերմաստիճանը մոտ է մեր` երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանին։ Դա այն բացարձակ շեմն է, որին հասնում է ջերմաստիճանը։ Դրանից տաք լինել չի կարող տարվա այս ժամանակահատվածում։