ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ուղիղ 75 տարի առաջ ավարտվել է «Կայծ» գործողության առաջին փուլը, որը տեղի է ունեցել 1943թ–ի հունվարի 12-18–ը «Նևսկի պյատաչոկում»։ Շրջափակումը հաջողվել է ամբողջությամբ վերացնել 1944թ–ի հունվարի 27–ին։
Լենինգրադը դարձել է միակ քաղաքը, որտեղ հրավառություն է տեղի ունեցել քաղաքն ազատագրելու առթիվ։ Այդ տարիներին դա թույլատրված էր միայն Մոսկվայում։ Սակայն, ի պատիվ շրջափակումն ամբողջությամբ վերացնելու, Իոսիֆ Ստալինը թույլ է տվել հրավառություն կազմակերպել։
Այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատանը նշում էին այդ հիշարժան ամսաթիվը։
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը միջոցառման ընթացքում նշեց, որ Լենինգրադի և Ռուսաստանի հերոսական պատմության մեջ հավերժ կհիշվի 1943թ–ի հունվարի 18–ը։
«Այսօր մենք երախտագիտությամբ ենք հիշում Լենինգրադն ազատագրած ճակատային զինվորների արիության, տոկունության մասին։ Մենք հարգում ենք լենինգրադցիների հիշատակը, որոնք, չնայած ցրտին, քաղցին, ռմբակոծությանը, պահպանել են քաղաքը հաջորդ սերունդների համար», – նշեց դեսպանը։
Վոլինկինի խոսքով` լենինգրադցիների ոգու ուժը և տոկունությունը «Նևսկի ամրոցի» շուրջ անհաղթահարելի արգելք են ստեղծել թշնամու համար։
«Մեր սրտերում հավերժ կպահենք բոլորի մասին հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհել են հանուն Լենինգրադի։ Մեր խնդիրն է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրերի ու պապերի խիզախության մասին հիշատակը հավերժ ապրի, որ թույլ չտանք այդ տարիների ողբերգական դեպքերի կրկնությունը», – հավելեց նա։
Իր հերթին, Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին ընթերցեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ողջունի խոսքը։
«Օրը, երբ թշնամուց ազատագրվել է Լադոժյան լճի հարավային ափը, սրբազան ամսաթիվ է դարձել Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի պատմության մեջ», – ասվում է ողջույնի տեքստում։
Լենինգրադի բնակիչների արիությունը և հերոսությունը միշտ կապրեն սերունդների հիշողության մեջ, նշել է Պոլտավչենկոն։
Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ զինվորների սխրանքը չարի նկատմամբ բարու հաղթանակի խորհրդանիշ է դարձել։ Այսօր գլխավոր որդիական պարտականությունն է շարունակել հոգ տանել վետերանների մասին, որտեղ էլ նրանք բնակվեն։
Հայերը մեծ ավանդ են ունեցել ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության տարած հաղթանակի մեջ։ 600 հազար հայերից, որոնք մասնակցել են ՀՄՊ–ին, տուն է վերադարձել է շուրջ 300 հազարը։